National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.09.2008
Ավարտվեց ԱԺ առաջին քառօրյան

ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Պատգամավորները վավերացրին նաեւ 2007 թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին» պայմանագիրը:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրինագիծը հնարավորություն կընձեռի օրինագծերի վերաբերյալ գնահատականներ ունենալ թե կոռուպցիոն ռիսկերի, թե բնապահպանական խնդիրների առումով:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարեւորեց քաղաքական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման տեսանկյունից հիմնավորված օրինագծերի մշակումը եւ ներկայացումը խորհրդարան:  Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով`  կառավարությունը փուլային ներդրման սկզբունքով պետք է կիրառի օրենսդրական նախաձեռնությունը: Պարոն Մինասյանի համոզմամբ` օրինագծերին մասնագիտական գնահատական տվող մարմինը պետք է մասնագիտական պատասխանատվություն կրի ներկայացրած եզրակացության համար:

Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների առաջարկները կքննարկվեն եւ կընդգրկվեն օրինագծում: 

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 1997 թ. սեպտեմբերի 17-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխություն» եւ 1999 թ. դեկտեմբերի 3-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխություն» կոնվենցիաները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Այս փոփոխությունները փոխնախարարը պայմանավորեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, ՀՀ օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ բուսասանիտարարական միջոցառումները միջազգային չափորոշիչներով  իրականացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսվում է ավելացնել բուսասանիտարիային, բուսասանիտարական ստուգմանը, բուսասանիտարական միջոցառմանը, մոնիթորինգին, հետազոտությանը վերաբերող պարբերություններ:

Հարակից զեկույցում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ նախագծով պարզեցվել է մաքսային սահմանում բուսասանիտարական հավաստագրի տրամադրման գործընթացը, բուսասանիտարական անձնագիր հասկացությունն է ներդրվել: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի առաջարկները առաջինից երկրորդ ընթերցում կներկայացվեն կառավարությանը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, որ նախագիծն առնչվում է պարենային անվտանգության հիմնախնդրին:  Նրա գնահատմամբ` օրինագծում պետք է ամրագրվեն ստուգող մարմիններին կամայականություններից զերծ պահող դրույթներ, մշակվեն պատասխանատվության մեխանիզմներ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով գործադիրը փորձում է կանոնակարգել մարդատար ավտոմոբիլներով (տաքսիներով) ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության ոլորտը: Հիմնական զեկուցող տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը իրազեկեց, որ տնտեսվարողների կրկնակի ներդրումները բացառելու նպատակով առաջարկվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն, որով մարդատար-տաքսի ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնող անձանց համար տաքսամետրը (սակաչափիչը) պարտադրված լինելու դեպքում բացառվի ՀԴՄ-ի կիրառումը: Նախատեսվում է պետական տուրք գանձել անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով եւ կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` Հերմինե Նաղդալյանը փաստեց, որ ոլորտը օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի: Ըստ նրա` պետք է մասնագիտացված տաքսի-ծառայություններ լինեն, որոնք կապահովվեն եւ որակ, եւ մատչելիություն, եւ անվտանգություն, ինչը դժվար է պատկերացնել մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման դեպքում:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` հարցը հասարակական հնչեղություն ունի, 100.000 անձանց է վերաբերում: Ըստ նրա` մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպող անհատի եւ կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում տուրքի գանձման հարցում: Նա գտնում է, որ անհատ տաքսու վարորդների համար չպետք է լինի լիցենզավորում կամ պետք է գործի լիցենզավորման պարզ ընթացակարգ: Վարդան Բոստանջյանի համոզմամբ` լիցենզավորման միջոցով բարդ իրադրություն է ստեղծվում սոցիալական խնդիր լուծող քաղաքացիների համար: Եվ Վարդան Բոստանջյանը, եւ Վիկտոր Դալլաքյանը դեմ են քվեարկելու նախագծի ընդունմանը: Սամվել Նիկոյանի կարծիքով` եթե վարորդը ունի վարորդական իրավունք, մեքենան տեխնիկական զննում է անցել, ունի դեղին համարանիշեր, կարելի է չլիցենզավորել կամ լիցենզավորել պարզ ընթացակարգով: Պարոն Նիկոյանը կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, չժխտելով հարցի սոցիալական հնչեղությունը,  ընդգծեց, որ ոլորտը օրենսդրական կարգավորման կարիք ունի, ուստի կառավարությունը փորձում է քայլ առ քայլ եւ անհատ վարորդներին, եւ կազմակերպություններին բերել օրենքի դաշտ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եզրափակիչ ելույթում  ընդգծեց, որ կառավարությունը նպատակ չունի ընդլայնել լիցենզավորման դաշտը, այլ փորձում է քիչ գումարով լիցենզիա տրամադրել ուղեւորափոխադրում իրականացնող անհատներին:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են մաքսային մարմինները: Նախագծով նախատեսվում է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման խմբերում ներառել վերադաս մաքսային մարմնի քննիչ եւ ավագ քննիչ պաշտոնները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ օրինագիծը մաքսային մարմինները համապատասխան մասնագետներով համալրելու նպատակ է հետապնդում:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Փախստականների եւ ապաստանի մասին» նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը փաստեց, որ փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրությամբ սահմանված չեն ապաստանի տրամադրման հասկացությունները, հստակեցված չեն  գործընթացն ապահովող ընթացակարգերը, կատարյալ չեն փախստականների ու ապաստան հայցողների խնդիրների լուծման իրավասություններ ունեցող պետական հաստատությունների  օպերատիվ համագործակցության  ընթացակարգերը: Ըստ նրա` թույլ է համագործակցությունը պետական հաստատությունների եւ ՀԿ-ների  ու իրավասու միջազգային կառույցների  միջեւ, չկան ապաստան հայցողների հիմնախնդիրները միասնական քննարկելու եւ լուծելու արդյունավետ  մեխանիզմներ ու ավանդույթներ: Պարոն Տերտերյանի գնահատմամբ` ընդլայնվել է օրենքի գործողության շրջանակը, ներմուծվել են նոր հասկացություններ, փոխվել է նախագծի կառուցվածքը: Օրինագծում ներկայացված են ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքները, փախստականների հարցերով լիազոր մարմնի, ՀՀ-ում  ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինների, ՄԱԿ ՓՀ  լիազորությունները, ապաստանի տրամադրման ընթացակարգերը, Հայաստանում ժամանակավոր պաշտպանության տրամադրման կարգը: Անցումային դրույթները կարգավորում են օրենքի առնչությունները 1988-1992 թթ. Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց հետ: Փոխնախարարը իրազեկեց, որ նախագիծը  մշակվել է  ՄԱԿ ՓՀ  Հայաստանի ներկայացուցչության մասնագետների հետ:

Հարակից զեկույցում Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ օրինագծում կներառվեն թե պատգամավորների, թե քաղաքացիների եւ թե ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի դիտողությունները եւ առաջարկները:
  
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am